ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կարծում է, որ օրենքի հեղինակությունը Հայաստանում անշեղորեն ամրապնդվում է։
«Աստիճանաբար և անշեղորեն ամրապնդվում է օրենքի և իրավունքի հեղինակությունը, հաղթահարվում է պետական կառույցների չեզոքությունը՝ սուր խնդիրների լուծման գործում, ակտիվ պայքար է մղվում կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի, մարդկանց առևտրի և իրավակիրառության բոլոր ոլորտներում այլ իրավախախտումների դեմ, և միաժամանակ դատախազության հիմնական ու անփոփոխ նշանակությունը մնում է քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը», - ասել է Հովսեփյանը՝ նախօրեին Սանկտ-Պետերբուրգում ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի անդամ երկրների գլխավոր դատախազների համաժողովի ժամանակ։
Հովսեփյանի խոսքերով, Եվրոպայի Խորհրդի հետ փոխգործակցությամբ հանրապետությունում անցկացվել են դատական, դատախազական և իրավապաշտպան համակարգի մասշտաբային իրավական բարեփոխումներ, ստեղծվել են մեխանիզմներ և ինստիտուտներ, որոնք քաղաքացիների պաշտպանության ոլորտում ապահովում են օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի զարգացում։
Նա ավելացրել է, որ այդ բարեփոխումները շարունակվում են մինչ օրս, և օրինականության ապահովման գլխավոր գործիքներից են դատախազության մարմինները։
«Մարդու իրավունքների և հասարակական շահերի պաշտպանության հարցում Հայաստանի դատախազությունը փոխգործակցություն է ապահովում նաև պետությունների դատախազությունների հետ՝ միջազգային երկկողմ պայմանագրերի հիման վրա», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Հովսեփյանի խոսերը Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Նա ավելացրել է, որ նման երկկողմ պայմանագրեր Հայաստանի դատախազությունը կնքել է, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության, Լիտվայի, Բելառուսի, Վրաստանի, Լատվիայի, Ղազախստանի, Սլովակիայի, Հունգարիայի, ՉԺՀ-ի, ՄԱԷ-ի դատախազությունների հետ։
Հովսեփյանն ընդգծել է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը պատրաստ է գործնական և գործընկերային հարաբերություններ պահպանել, ավելի սերտ համագործակցել ոչ միայն Եվրոպայի երկրների և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ-պետությունների դատախազությունների, այլև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։
«Սակայն նման աշխատանքի համար որոշիչ նշանակություն ունի բոլոր երկրներում, ինչպես նաև մեր երկրում տեղի ունեցող գործընթացների գնահատման նկատմամբ մոտեցումների միասնականությունը։ Դա մոտեցումների միասնականություն է՝ իրավախախտումների դեմ պայքարում քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում», - ասել է գլխավոր դատախազը։-0-