ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ՆԳՆ-ն բարձր է գնահատում ԱՊՀ պետությունների իր գործընկերների հետ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի և հանցագործների հետախուզման հարցերում կատարած համատեղ աշխատանքը, շաբաթ օրը ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին հայտարարեց ՌԴ ՆԳ նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիևը։
Նրա խոսքով, միայն առաջին հինգ ամիսների ընթացքում ՌԴ ՆԳՆ-ը ԱՊՀ գործընկերների հետ միջազգային վերահսկողություն են կատարել և կանխել Աֆղանստանից բերվող թմրանյութերի մատակարարման յոթ դեպք։
«Անհրաժեշտ է նշել նաև «Հետախուզում» օպերատիվ-կանխարգելիչ համալիր գործողությունների և «Ուղևոր» միջգերատեսչական գործողության զգալի արդյունքների մասին»,- ասաց Նուրգալիևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա տվյալներով, թմրանյութերի մատակարարման վերահսկվող գործողությունների ընթացքում իրավապահ մարմիններին հաջողվել է առգրավել ավելի քան 56 կգ թմրանյութ։ Դրանցից ավելի քան 29 կգ հաշիշ և 27 կգ հերոին թմրատեսակներ են, ձերբակալվել է թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող 15 անձ։
«Հետախուզում» գործողության ընթացքում ձերբակալվել է 7 հազար 328 անձ, որոնք հետախուզվում են ԱՊՀ պետությունների կողմից, իսկ «Ուղևոր» գործողության ընթացքում հայտնաբերվել է 845 հանցագործություն, ձերբակալվել է 654 հանցագործ, որոնցից 456-ը՝ ՌԴ քաղաքացիներ են, 17-՝ Մոլդովայի, 18-ը՝ Ուկրաինայի, 22-ը՝ Ուզբեկստանի, 14-ը՝ Տաջիկստանի»,- ասաց Նուրագլիևը։--0—