Ռուսական ավիաընկերությունները մտադիր չեն հունիսի 1-ից չեղյալ հայտարարել թղթե տոմսերը

30.05.2008, 12:12
Ռուսական ավիաընկերությունները մտադիր չեն հունիսի 1-ից չեղյալ հայտարարել թղթե տոմսերը
Ռուսական ավիաընկերությունները մտադիր չեն հունիսի 1-ից չեղյալ հայտարարել թղթե տոմսերը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ ռուսական ավիաընկերությունները պատրաստ են ընթացիկ տարվա հունիսի 1-ից ամբողջովին անցնել էլեկտրոնային տոմսերի, սակայն մտադիր չեն չեղյալ հայտարարել թղթե ավիատոմսերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

IATA-ն խորհուրդ է տալիս կազմակերպության անդամ ավիափոխադրողներին՝ 2008 թ.-ի հունիսի 1-ից ամբողջովին անցնել էլեկտրոնային տոմսերի (e-ticket) օգտագործմանը։

IATA-ում ՌԴ ներկայացուցիչներն են «Աէրոֆլոտը», «Ռոսիա» ընկերությունը, «Տրանսաէրոն», «Վլադիվոստոկ ավիան», S7 Airlines-ը (նախկին «Սիբիր» ընկերությունը) և «Վոլգա-Դնեպր» բեռնատար ավիաընկերությունը։

S7-ի մամուլի քարտուղար Իրինա Կոլեսնիկովան «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է, որ ավիաընկերությունը մտադիր չէ չեղյալ համարել թղթե տոմսերը՝ IATA-ի առաջարկի կապակցությամբ։ «Մենք պատրաստ ենք ամբողջովին անցնել էլեկտրոնային ավիատոմսերի։ Մեր բոլոր չվերթների համար արդեն կարելի է ձևակերպել էլեկտրոնային տոմս։ Միաժամանակ մենք մտադիր չենք հրաժարվել թղթե տոմսերից», - ասել է նա։

Կոլեսնիկովայի խոսքերով, ՌԴ-ում կան մի շարք օդանավանակայաններ, որոնք չեն ընդունում էլեկտրոնային տոմսեր, քանի որ նրանք դեռևս չունեն համապատասխան սարքավորումներ և կարող են ընդունել միայն թղթե տոմսեր։-0-