ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի կառավարությունը Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնել է Հայաստանի հետ բանակցություններ վարել ազատ առևտրի մասին միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ նախարարների կաբինետի լրատվական ծառայությանը։
Ազատ առևտրի մասին ռուս-հայկական համաձայնագիրը կնքվել է 1992թ. սեպտեմբերին։ Ներկայումս այս փասատթուղթը համաձայնեցվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերին և պահանջներին, որին Ռուսաստանը ցանկանում է անդամակցել 2008 թվականի կեսերին։
Միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը մշակել է հայկական կողմը, սակայն այն համապատասխանեցվել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության, ԱԳՆ-ն և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ։
Սպասվում է, որ Հայաստանը և Ռուսաստանը չորեքշաբթի ստորագրելու են այս փաստաթուղթը՝ ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի Երևան կատարվող այցի շրջանակներում, որին ուղեկցելու է նաև ՌԴ ՏԶ նախարարի տեղակալ, ստատ-քարտուղար (պետքարտուղար) Աննա Պոպովան։--0—