Վրաստանի ընդդիմությունը պահանջում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացում և այդ պահանջով հունվարի 13-ին խաղաղ բողոքի ցույց կկազմակերպի, հայտարարել է միասնական ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեն՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ուղիղ եթերի ժամանակ։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, ելույթի սկզբում Գաչեչիլաձեն նշել է, որ ստիպված է եղել հացադուլ սկսել, որպեսզի նրան ուղիղ եթեր տրամադրեն Վրաստանի հեռուստաընկերություններից մեկում։
«Մենք շարունակում ենք պայքարը և պահանջում ենք ընտրությունների երկրորդ փուլի անցկացում։ Սակայն մեր պայքարը կրում է բացառապես խաղաղ բնույթ և կարող է արտահայտվել այնպիսի ձևերով, ինչպիսիք են հանրահավաքը, ցույցը կամ հացադուլը։ Սակայն սա խաղաղ բողոք է», - ասել է Գաչեչիլաձեն։
Վրաստանի ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ 3 հազ. 511 ընտրատարածքներից 3 հազ. 482 ընտրատարածքների տվյալների մշակումից հետո, Միխայիլ Սահակաշվիլին հաղթանակ է տանում ընտրությունների արդեն իսկ առաջին փուլում՝ հավաքելով ձայների 52,91 տոկոսը։
Գաչեչիլաձեի օգտին քվեարկել է ընտրողների 25,26 տոկոսը։ Ընտրություններին հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքեր ձայների 50 գումարած մեկ տոկոսը։ Հակառակ դեպքում երկու շաբաթից տեղի կունենար երկրորդ փուլը։
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղի են ունեցել քվեարկության արդյունքների զանգվածային խախտումներ և կեղծիքներ և համոզմունք է հայտնել, որ ընտրությունների ժամանակ ժողովուրդը սատարել է ընդդիմությանը։ «Վրաստանում այսօր անարդարություն է տիրում՝ և ԿԸՀ-ում և Գերագույն դատարանում՝ ամենուրեք։ Եվ մենք դրա դեմ ենք պայքարում», - ընդգծել է Գաչեչիլաձեն։
Նա նաև տեղեկացրել է, որ նախօրեին հանդիպել է ընտրություններում իր հիմնական մրցակից Միխայիլ Սահակաշվիլուն և նրա հետ քննարկել է հետընտրական իրավիճակը։ Այլ մանրամասնություններ Գաչեչիլաձեն չի հայտնել։
Գաչեչիլաձեի ելույթին զուգահեռ անց է կացվել հեռուստադիտողների ինտերակտիվ հարցում։ Հեռուստադիտողների կեսից ավելին՝ 52 տոկոսը համոզմունք են հայտնել, որ քաղաքական դիմադրությունը մոտ ժամանակներս կուժեղանա, իսկ հարցվածների 41 տոկոսը հույս ունի, որ իրավիճակը խաղաղ լուծում կստանա։
Նոյեմբերի 2-7-ը տևած ընդդիմության նախորդ խոշոր ելույթն ավարտվել է ցուցարարների ցրմամբ և ոստիկանության հետ բախմամբ։-0-