ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական «ТВЭЛ» ընկերությունը, որը աշխարհում միջուկային վառելիքի առաջատար արտադրողներից և մատակարարներից է, իրանական «Բուշեր» ԱԷԿ մատակարարել է սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ռեակտորի ակտիվ հատվածի աշխատանքի համար, «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
«Միջուկային վառելիքի երկրորդ մասնաբաժնի հետ միասին մենք «Բուշեր» ԱԷԿ ենք տարել միջուկային ռեակտորի ակտիվ հատվածի համար անհրաժեշտ սարքավորումներ»,-նշել է ընկերության ներկայացուցիչը։
«Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն, որը վերահսկում է իրանական առաջին «Բուշեր» ԱԷԿ-ի շինարարությունը, այդ ԱԷԿ-ի համար տրամարդրել է միջուկային վառելիքի երկրորդ մասնաբաժինը, ավելի վաղ հայտնել էր ընկերության մամուլի քարտուղար Իրինա Եսիպովան։
Ուրբաթ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Ահմադ Ֆիազբախշը հայտնել է Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի համար անհրաժեշտ միջուկային վառելիքի երկրորդ մասնաբաժինը ստանալու մասին։
Նրա խոսքերով, տեղ հասցված միջուկային վառելիքի քանակը համապատասխանում է առաջվա ծավալներին, վառելիքի երկրորդ մատակարարումն իրականացվում է ավելի վաղ մշակված գրաֆիկի համաձայն։
Ռուսաստանը դեկտեմբերի 16-ից սկսել է «Բուշեր» ԱԷԿ-ի համար անհրաժեշտ միջուկային վառելիքի մատակարարումը։
Վառելիքի մատակարարումն իրականացվում է «Բուշեր» ԱԷԿ-ի շինարարության մասին ռուս-իրանական միջկառավարական համաձայնագրի համապատասխան և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողությամբ (ՄԱԳԱՏԷ)։
«Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ ղեկավար Սերգեյ Շմատկոն դեկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնեց, որ «Բուշեր» ԱԷԿ-ը կգործարկվի 2008թ.-ից ոչ շուտ։–0--