ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ՆԳՆ-ն հերքում է տեղեկատվությունն այն մասին, թե «Կրթված մեդիա» հիմնադրամի ղեկավար Մանանա Ասլամազյանի նկատմամբ, որը մեղադրվում է դրամական միջոցների մաքսանենգության մեջ, հայտարարված է միջազգային հետախուզում, ինչի մասին նախօրեին հայտարարել էին որոշ ԶԼՄ-ներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ներկա պահին Ասլամազյանի նկատմամբ հայտարարված է դաշնային հետախուզում, իսկ միջազգային հետախուզում նրա նկատմամբ որևէ մեկը չի հայտարարել», - «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի ՆԳՆ-ին առընթեր քննչական կոմիտեի ներկայացուցիչը։
«Կրթված մեդիա»-ի («Ինտենյուսի» իրավահաջորդ) ղեկավար Մանանա Ասլամազյանի պաշտպանը հինգշաբթի բողոքարկել է նրա նկատմամբ դաշնային հետախուզման հայտարարումը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ասլամազյանի փաստաբան Վիկտոր Պարշուտկինը։
Նրա խոսքերով, նա բողոք է ներկայացրել Տվերսկոյ դատարան՝ Ասլամազյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ քննիչի մայիսի 15-ի որոշման դեմ, քանի որ համարում է, որ այն անօրինական է և անհիմն։ Փաստաբանը պարզաբանել է, որ «Կրթված մեդիա»-ի ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, քանի որ, իբրև թե, անհայտ է նրա գտնվելու վայրը, մինչդեռ «բոլորին քաջ հայտնի է, որ նա գտնվում է Փարիզում»։
Այս տարեսկզբին «Կրթված մեդիա» հիմնադրամի ղեկավար Մանանա Ասլամազյանի նկատմամբ հարուցվել է գործ՝ մաքսանենգության փաստով։ Հետաքննության տվյալներով, հունվարին, վերադառնալով Փարիզ կատարած մասնավոր այցից, մաքսակետն անցնելիս նա սահմանված կարգով չի հայտարարագրել 9,55 հազ. եվրոն և 5,13 հազ. ռուբլին։
Ասլամազյանի փաստաբանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում գործում են օրենսդրության մեջ կատարած փոփոխությունները, ըստ որոնց, երկիր առանց հայտարարագրման կարելի է մտցնել 10 հազ. եվրո։ Այդ պատճառով, նրա խոսքերով, Ասլամազյանի դեպքում չկա ոչ միայն քրեական, այլև վարչական իրավախախտման հանցակազմ։
Այս տարվա ապրիլին մաքսանենգության գործով հետաքննության շրջանակներում փաստաթղթերի առգրավումից և հիմնադրամի սերվերների բռնագրավումից հետո իրավապահ մարմինները սկսել են իրականացնել առանձին ստուգում՝ հիմնադրամի ղեկավարության նկատամամբ այն կասկածով, որ նա զբաղվում է անօրինական ձեռնարկատիրությամբ և դրամական միջոցների օրինականացմամբ։ Կազմակերպությունը հայտարարել է աշխատանքի ժամանակավոր դադարեցման, իսկ այնուհետև՝ լուծարման մասին։
Պարշուտկինի խոսքերով, հետաքննությունը կարծում է, որ հիմնադրամի ֆինանսավորումն իրականացվում էր ապօրինի, իսկ անօրինական ձեռնարկատիրության կասկածները կապված են այն բանի հետ, որ հիմնադրամն իբրև թե ուսուցանում էր լրագրողներին՝ չունենալով հավաստագիր։ Պաշտպանն այս վարկածն անվանել է «զառանցանք»՝ պնդելով, որ փողերը հիմնադրամ մուտք են գործել օրինական հիմունքներով՝ դրամաշնորհների տեսքով և որ հավաստագիրը երկարացվել է մինչև 2007 թ. սեպտեմբեր։-0-