ՄԱԿ-ը նշում է Միգրանտների միջազգային օրը

18.12.2007, 11:17
ՄԱԿ-ը նշում է Միգրանտների միջազգային օրը
ՄԱԿ-ը նշում է Միգրանտների միջազգային օրը

Միացյալ Ազգերի Կազմակերպությունը երեքշաբթի նշում է Միգրանտների միջազգային օրը, որոնց թիվը ժամանակակից աշխարհում արդեն հասնում է 200 միլիոն մարդու։

«Այս հսկայական թվի ետևում կոնկրետ մարդկանց ճակատագրեր են՝ համակարագչային որակավորված մասնագետի, անօրինական ֆերմերի, մարդկանց առուծախով զբաղվող անձանց ցանցում հայտնված կանանց, իր երկիրը ստիպված լքած փախստականի և շատ այլ մարդկանց ճակատագրեր», - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի տարածած՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում։

Զարգացած և զարգացող երկրների կենսամակարդակում կտրուկ ճեղքվածքի ֆոնի վրա տիրող գլոբալացումը շարունակում է ընդլայնել անդրսահմանային միգրացիայի մասշտաբները ողջ աշխարհում, նշվում է փաստաթղթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ցավոք, միգրանտների ներդրումը հազվադեպ է ճանաչում ստանում։ Դրա փոխարեն նրանք հաճախ ստիպված են հաշտվել ստորացման և խտրականության հետ՝ պաշտպանության մեխանիզմներից մինչև խտրականության ազգային օրենսդրության բացակայության պատճառով։ Նրանք դառնում են ռասիզմի կամ օտարատյացիության զոհեր», - ասվում է ազգերին ուղղված ուղերձում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետությունների նախագահներին հիշեցրել է Բոլոր աշխատող միգրանտների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիայի մասին՝ կոչ անելով կառավարություններին՝ միանալ այդ պարտավորություններին։ Այսօրվա դրությամբ այդ կոնվենցիան վավերացրել է աշխարհի 192 պետություններից ընդամենը 37-ը։--0--