Ռուսաստանը սկսել է պատրաստել հինգերորդ սերնդի կործանիչի փորձանմուշը. ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար

12.12.2007, 12:41
Ռուսաստանը սկսել է պատրաստել հինգերորդ սերնդի կործանիչի փորձանմուշը. ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար

Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը սկսել է պատրաստել հինգերորդ սերնդի կործանիչի փորձանմուշը, չորեքշաբթի լրագրողներին է տեղեկացրել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 «Այժմ ավարտվել է հինգերորդ սերնդի ինքնաթիռի աշխատանքային կոնստրուկտորային փաստաթղթերի մշակման փուլը։ Փաստաթղթերը փոխանցվել են գործարանին, որը կսկսի պատրաստել նոր սերնդի ինքնաթիռի փորձանմուշը», - ասել է նա։

Հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման հարցերը որոշվում են պլանային ձևով՝ սպառազինման մինչև 2015 թ.  պետական ծրագրի համաձայն, որում հաստատվել են ավիացիոն տեխնիկայի բոլոր պարամետրերն ու դրա փորձարկման ժամկետները, ավելացրել է գեներալը։

 Հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռի փորձարկումները պետք է կատարվեն 2009 թ.-ին, իսկ մինչև 2015 թ.-ը ծրագրվում է սկսել դրա սերիական արտադրությունը, ավելի վաղ լրագրողներին էր տեղեկացրել «Սուխոյ» ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը։-0-