ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում անօրինական միգրանտների աշխատուժի օգտագործումը կրկնակի անթույլատրելի է՝ անազնիվ գործատուն խախտում է թե օրենսդրությունը, և թե շուկայի մրցակցության կանոնները, երեքշաբթի մայրաքաղաքի քաղաքապետարանի նիստի ժամանակ հայտարարեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։
«Նախ և առաջ՝ գործարարը, որն օգտագործում է անօրինական միգրանտների աշխատանքը, տուգանքներով պատժվում է իր հակաօրինական գործողությունների համար։ Երկրորդ՝ մրցակցային պայմանների հավասարության ռեժիմում այն գործարարը, որն ավելի քիչ է վճարում միգրանտներին, անազնիվ ճանապարհով շահում է ազնիվ ձեռնարկատերերից»,- պարզաբանեց Լուժկովը՝ մայրաքաղաքի քաղաքապետարանի, Մոսկվայի արհմիությունների և գործատուների միջև 2008թ. եռակողմ համաձայնագրի նախագծի քննարկման ընթացքում։
Նախնական հաշվարկներով, 2008թ. մայրաքաղաքում աշխատելու են 300 հազար արտասահմանցի աշխատողներ, որոնցից 250 հազարը՝ առանց վիզայի համակարգի երկրներից, իսկ 50 հազարը ժամանելու են այն երկրներից, որոնց հետ վիզային հարաբերություններ են հաստատված։
Լուժկովն ընդգծեց, որ Մոսկվայի իշխանություններն «այս փուլում գործարարներին չեն սահմանափակում չափաբաժիններ ստանալու հարցում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք պարզապես հարցնում ենք, թե քանի արտասահմանցի աշխատող է պահանջվում։ Որքան կհայտարարագրվի, այնքան էլ կհատկացնենք»,- ավելացրեց քաղաքապետը։
Քաղաքապետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ, նրա կարծիքով, «քաղաքին պետք է հենց այնքան օտարերկրյա քաղաքացի, որքան պահանջում է մայրաքաղաքի տնտեսությունը, և ոչ մեկով ավելի»։
Բացի այդ, միգրանտների մեծ ծավալը բացասաբար է ազդում արդյունաբերության վրա, նշեց Լուժկովը։
«Արտագաղթը՝ արդյունաբերության բացիթողության տարրերից մեկն է։ Արտագաղթը փչացնում է արդյունաբերությունը, քանի որ նրանից չի պահանջում արտադրական գործընթացների կատարելագործում, նոր մեխանիզմների ստեղծում»,- կարծում է նա։
Մոսկվայի քաղաքապետի կարծիքով, միգրանտների մեծ քանակը ազդում է նաև տեղի բնակչության աշխատավարձի իջեցման վրա, քանի որ արտագաղթողները հիմնականում էժան աշխատուժ են։ --0—