Ոստիկանությունը հայտարարում է, որ չի ցրել, այլ միայն «ճնշելով տեղափոխել է» Ռուսթավելու պողոտայում հավաքված հանրահավաքի մասնակիցներին

07.11.2007, 12:48
Ոստիկանությունը հայտարարում է, որ չի ցրել, այլ միայն «ճնշելով տեղափոխել է» Ռուսթավելու պողոտայում հավաքված հանրահավաքի մասնակիցներին

Թբիլիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը ձերբակալել է երեք հոգու՝ իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար, սակայն հանրահավաքի մասնակիցներին չի ցրել, այլ միայն «ճնշելով տեղափոխել է» Ռուսթավելու պողոտայից, որտեղ հինգ օրերի ընթացքում անց էր կացվում ընդդիմադության բողոքի ակցիան, հայտարարել է Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության պետ Գեորգի Գեգեչկորին։

«Մենք չենք ցրել հանրահավաքի մասնակիցներին, մենք նրանց ուղղակի Ռուսթավելու պողոտայից ճնշելով տեղափոխել ենք դեպի մայթեր, որպեսզի նրանք կարողանան շարունակել բողոքի իրենց ակցիան, իսկ Ռուսթավելու պողոտան և նրան հարակից տարածքները մենք ազատել ենք, որպեսզի մայրաքաղաքի կյանքը կրկին ընթանա իր բնականոն հունով։ Բացի դրանից, վերականգնվել է պողոտայի երթևեկությունը», - ասել է Գեգեչկորին լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա չի հրապարակել ձերբակալվածների ազգանունները և լրագրողի այն հարցին, թե արդյոք նրանց թվում է նաև ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Գեորգի Խաինդրավան, Գեգեչկորին կրկին հրաժարվել է հրապարակել ձերբակալվածների ազգանունները։

Նրա խոսքերով, հանրահավաքի մասնակիցները, այսինքն այն մարդիկ, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց բողոքը, կարող են շարունակել իրենց ակցիան մայթերին։

 Ընդդիմությունը առաջ է քաշում հինգ հիմնական պահանջներ՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը, խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2008 թ.-ի ապրիլին, մեծամասնական ընտրությունների անցկացման և ընտրական հանձնաժողովների համալրման սկզբունքների փոփոխությունը, ինչպես նաև «քաղբանտարկյալների» ազատումը։--0—