ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ Տնտեսական խորհուրդը ուրբաթ Մոսկվայում տեղի ունենալիք նիստի ժամանակ կքննարկի ԱՊՀ երկրների բանկային ծառայությունների, տրանսպորտային քաղաքականության, միգրացիայի, ինչպես նաև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառների համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթեր, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նրա խոսքերով, նիստի օրակարգում է, մասնավորապես, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ԱՊՀ երկրների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և փոխանակման, տեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացման համագործակցության մասին համաձայնության նախագիծը։
Խորհուրդը նաև կքննարկի ԱՊՀ երկրների ռեզիդենտ-բանկերի՝ սեփական ազգային տարադրամի շուկա փոխադարձ մուտքի իրավական համաձայնագրի նախագիծը։
Նիստի ժամանակ ծրագրվում է քննարկել ԱՊՀ երկրներում քաղաքացիական ավիացիայի զարգացման հիմնական ուղղությունների և թռիչքների անվտանգության բարձրացման միջոցների մասին զեկույցը։
Խորհուրդը քննարկելու է նաև աշխատող-միգրանտների և նրանց ընտանիքների իրավական կարգավիճակի մասին հայեցակարգը։ Փաստաթղթի հիմնական նպատակը լինելու է աշխատող միգրանտների և ընդունող երկրի քաղաքացիների հավասար վերաբերմունքի սկզբունքի իրագործումն այն բոլոր հարցերում, որոնք առնչվում են կենսական և աշխատանքային պայմաններին։
Տնտեսական խորհրդի նիստի օրակարգում են նաև ֆինանսական բնույթի մի շարք հարցեր, այդ թվում, 2008թ. ԱՊՀ միասնական բյուջեի մասին նախագիծը։
Նիստի օրակարգում ընդհանուր առմամբ լինելու է ԱՊՀ տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող 22 հարց։ --0—