Մերձդնեստրի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ՎՈւԱՄ երկրների ԱԳ նախարարների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) մտադրությամբ քննարկել Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում և Լեռնային-Ղարաբաղում «սառեցված» հակամարտությունների ՄԱԿ-ի հռչակագրի նախագիծը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այն փաստը, որ այսպես կոչված ԱՊՀ «սառեցված» հակամարտություները փորձում են լուծել առանց հակամարտության բոլոր կողմերի կարծիքը հաշվի առնելու, չի կարող անհանգստություն չառաջացնել»,-նշվում է Մերձդնեստրի ԱԳՆ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Յաստրեբչակի պաշտոնական մեկնաբանության մեջ, որը զետեղվել է չճանաչված հանրապետության ԱԳՆ կայքում։
Նրա խոսքերով, ՎՈւԱՄ երկրներն ինքնորոշված պետություների առնչությամբ փորձում են իրենց տեսակետը պարտադրել միջազգային հանրությանը, ընդհուպ մինչև ՄԱԿ-ի կողմից հնարավոր աջակցություն ստանալը։
«Սակայն, նման հարցադրումը, նույնիսկ եթե այն հնչեցվի ՄԱԿ-ի մակարդակով, ակնհայտ է, որ չի կարող նպաստել մեր երկրներում արդար կարգավորմանը։ Չի կարելի մոռանալ Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Լեռնային-Ղարաբաղի ժողովուրդների կամքի մասին, որն արտահայտվել է համաժողոթվրդական հանրաքվեներում։ Դրա հետ հաշվի չնստելը վտանգավոր է»,-նշվում է մեկնաբանության մեջ։
Մերձդնեստրի ԱԳՆ-ում կարծում են, որ հակամարտությունների «տաք» փուլ անցնելու մեջ շահագրգիռ չեն ոչ Եվրախորհուրդը, ոչ Ռուսաստանը, ոչ իրենք՝ ՎՈւԱՄ երկրները։
«Միևնույն ժամանակ, մենք դրական ենք գնահատում ԱՊՀ տարածքում հակամարտությունների քննարկումը մեկ փաթեթով։ Որ մակարդակում էլ քննարկվեն այդ խնդիրները, մեր երկրներին ավելի հեշտ կլինի պաշտպանել մեր դիրքերը միասնաբար»,-նշվում է մեկնաբանության մեջ։--0--