ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են ձեռք բերել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հինգշաբթի Սոչիում գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցություների բացման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հարաբերությունները վատ չեն զարգանում, աճում է ապրանքաշրջանառությունը, էլ չեմ խոսում քաղաքական ոլորտում համագործակցության մասին. հարաբերություններն իսկապես դաշնակցային բնույթ են ձեռք բերել»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպումներն ավանդական են դարձել։ «Բայց այսօրվա հանդիպումն առանձնահատուկ բնույթ ունի, քանի որ մի քանի օրից լրանում է (երկու երկրների միջև) հիմնարար պայմանագրի տասնամյակը»,- ասել է նա։
ՌԴ և Հայաստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության պայմանագրի կնքման տասնամյակը նշվում է օգոստոսի 29-ին։
Հայաստանի նախագահն, իր հերթին, նշել է , որ «համագործակցության ծավալն աճում է բոլոր ուղղություններով՝ տնտեսության մեջ, ռազմատեխնիկական ոլորտում, քաղաքականությունում... Ժամանակ առ ժամանակ դիրքորոշումները համեմատելու, խորհրդակցելու անհրաժեշտություն է առաջանում. դա նորմալ գործընթաց է»,- ասել է Քոչարյանը։
«Պատրաստ եմ ամենալուրջ ձևով աջակցել այդ գործընթացին»,- հավելել է նա։--0—