ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Աբդուլովը հոսպիտալացվել է Ղրիմում, երկուշաբթի հեռախոսով «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել Սևաստոպոլի քաղաքային 1-ին հիվանդանոցի գլխավոր բժշկի քարտուղարը։
«Այո, դերասանն այժմ գտնվում է հիվանդանոցում»,- ասել է նա։ Հիվանդանոցի ներկայացուցիչը մերժել է որևէ մանրամասն պատմել պատահարի վերաբերյալ՝ նշելով այդ ինֆորմացիայի գաղտնիությունը։
Երկուշաբթի որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Ղրիմում նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ հանկարծակի պայթել է դերասանի ստամոքսի խոցը։
Սևաստոպոլի քաղաքային 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցը հեռախոսով հայտնել է «ՌԻԱ Նովոստիին», որ Աբդուլովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բայց նա միաժամանակ հրաժարվել է որևէ մանրամասն հայտնել դերասանի վիճակի և այն մասին, թե որքան ժամանակ է նա հիվանդանոցում՝ նույնպես պատճառաբանելով տեղեկատվության գաղտնիությունը։
«Դիմեք նրա հարազատներին, մենք իրավունք չունենք հրապարակել այդ տեղեկությունները»,- ասել է բաժանմունքի աշխատակիցը։
ՌԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աբդուլովը ծնվել է 1953թ. մայիսի 29-ին։ Նրան մեծ հռչակ են բերել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Սովորական հրաշք», «Սիրելիներից մի բաժանվեք», «Դիմակահանդես», «Կախարդները», «Ամենահմայիչը և ամենագրավիչը», «Սիրո բանաձևը», «Գարդեմարիններ, առաջ» և շատ այլ ֆիլմեր։ --0—