Ուկրաինայի նախագահը ստորագրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հերթական՝ թվով չորրորդ հրամանագիրը։ Հուլիսի 31-ի հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ընտրությունների օրը, ինչպես և նախորդ հրամանագրում, ընտրված է սեպտեմբերի 30-ը։ Նոր հրամանագրով փոփոխություններ են մտցվում նախագահի նախկին՝ հունիսի 5-ի հրամանագրի մեջ։ Նոր խմբագրմամբ, Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունները նշանակված են՝ «Ուկրաինայի Գերագույն Ռադայի իրավասու չլինելու և նրա գործունեության վաղաժամկետ կասեցման կապակցությամբ»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է օգոստոսի 2-ից ապահովել Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահ Յուշչենկոն հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին չորս հրամանագիր։ Առաջին երկուսում (ապրիլի 2 և ապրիլի 26) ասվում էր Ռադան ցրելու և դրա հիման վրա ընտրություններ անցկացնելու մասին։ Հունիսի 5-ի հրամանագրում, որը քաղաքական ճգնաժամից դուրս գալու՝ կողմերի փոխզիջումային տարբերակ էր, ասվում էր այն մասին, որ ընտրություններն անց են կացվում այն պատճառով, որ պատգամավորների մեկ երրորդը վայր է դրել պատգամավորական իրավասությունները, այդպիսով, Ռադան լեգիտիմ չէ։
Կոալիցիայի պատգամավորները Սահմանադրական դատարանում բողոքարկեցին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին նախորդ երեք հրամանագրերը։ Նախընտրական քարոզարշավը սկսվում է օգոստոսի 2-ին։–0—