Անհայտ անձինք Մոսկվայում թոշակառուի բնակարանից առևանգել են 19-րդ դարի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարները, ՌԻԱ Նովոստիին հայտնեց մայրաքաղաքի ուժային կառույցների աշխատակիցը։
Իրավապահ մարմինների տվյալներով, առևանգումը կատարվել է հունիսի 3-8-ն ընկած ժամանակահատվածում, Նովոչերյոմուշկինյան փողոցում։
«Ոստիկանության բաժանմունք դիմեց 71-ամյա մի մոսկվացի, որը հայտարարեց, որ քանի դեռ ինքը գտնվել է ամառանոցում, անհայտ անձինք կոտրել են յոթերորդ հարկի պատշգամբի դռան ապակին և իր բնակարանից գողացել են 20 հազար դոլար և Մարտիրոս Սարյանի, Բելլինիի, Յավլենսկու, Շեբուևի, Պունի, Սերի, Գուստավ Լուսոյի, Այվազովսկու և Մինաս Ավետիսյանի 13 նկարներ», - ասաց գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքերով, ներկայումս հաստատվում է նկարների պատմական և գեղարվեստական արժեքը։
Անցկացվում են օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումներ, ճշտվում է տուժածի մերձավորների շրջանակը, որոնք կարող էին տեղյակ լինել, որ նա տանը խոշոր գումար և արժեքավոր իրեր է պահում։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 158-րդ հոդվածի 4 մասով (հատկապես խոշոր չափի գողություն), որով նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում մինչև տասը տարի ժամկետով։ --0—