Սկանդալ՝ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի շուրջ․ փաստաբանը հայտնում է խոշտանգման մասին, ՆԳՆ–ից մեկնաբանել են

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է, որ ոստիկանությունում Աղեկյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունք է ցուցաբերվել։
Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է հարուցված քրեական վարույթների շրջանակում։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
Մայիսի 9–ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում պետք է տեղի ունենար դատական նիստ, որի ժամանակ պետք է որոշվեր Աղեկյանին կալանավորելու հարցը։
Ինչպես հայտնել է Փոստանջյանը Facebook-յան իր էջում, 12:00-ին սկսվել է դատական նիստը, 15:00-ի դրությամբ դեռ չի ավարտվել։
«Տեղեկացնենք, որ նիստը դռնփակ է և պարզ չէ, թե որ դատավորի նախագահությամբ է անցկացվելու նիստը։ Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանին զրկելով իր նախընտրելի պաշտպանյալից՝ տրամադրվել է հանրային պաշտպան, ով իր պարտականությունները կատարում է ոչ լիարժեք։ Լիլիթ Աղեկյանը 20 ժամից ավել գտնվում է անազատության մեջ, այս ժամանակահատվածում նա մի քանի անգամ տեղափոխվել է, խոշտանգման հետևանքով նաև հասցրել է լինել Գյումրիի հիվանդանոցում։ Այս պահին Լիլիթ Աղեկյանի նախընտրած պաշտպան Զարուհի Փոստանջյանը գտնվում է դատարանի բակում, նրա մուտքը դատարան ևս սահմանափակված է», – նշել է Փոստանջյանը։
Խոշտանգման դեպքի մասին
Փոստանջյանն ավելի ուշ հայտնել է, որ իրեն փոխանցել են, որ ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ Աղեկյանը, նրան հանվացնել տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն։
«Այդ գործողության և նրա նկատմամբ այլ գործողություններ կատարելու ժամանակ Լիլիթ Աղեկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և ոստիկանները ստիպված են եղել հրավիրել շտապ օգնություն, որից հետո Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են հիվանդանոց: Այսինքն, ոստիկանությունը չի բավարարվել Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով և հողաթափերով, առանց հիգիենայի պարագաների (Լիլիթ Աղեկյանը գտնվել է կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում) առևանգմամբ, այլ նրան ցանկացել են նաև մերկ վիճակում տեսաձայնագրել:
Բացի այդ ոստիկան Կարեն Գևորգյանը սպառնացել Լիլիթ Աղեկյանին, նշելով, որ չի մոռանա` Լիլիթ Աղեկյանը միակ լրագրողն է, ով իր մասին գրել է: Ի դեպ այս ոստիկանին Գյումրիում ճանաչում են որպես մի անձի, ով ծառայության ժամերին, ծառայողական համազգեստով ռեստորաններում և սրճարաններում վայելում է հանգիստը», – նշել է Փոստանջյանը Facebook–յան իր էջում;
Ոստիկանության արձագանքը
Փոստանջյանի հայտարարություններին արձագանքել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ով նշել է, որ Փոստանջյանի հայտնած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել», – նշել է Սարգսյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ արդեն Ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հրավիրվել է Շտապօգնության խումբ ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։
«Բժիշկը՝ առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ-ում։
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ, ինչպես նաև չհնչեցնել անհիմն մեղադրանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները», – նշել է Սարգսյանը։
Հայաստանի ժուռնալիստների միության արձագանքը
ՀԺՄ–ից անդրադարձել են հետաքննող լրագրող Լիլի Աղեկյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ հետևողական են նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։
«Երեկ ուշ գիշերով (մայիսի 9, խմբ․) հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի իր պաշտպանին: Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար հրավիրվել է շտապ բուժօգնություն, սակայն դա չի խանգարել, որ նրան տանեն կալանքի ու կալանավորեն մեկ ամսով», – նշվում է ՀԺՄ–ի հայտարարության մեջ։
Կառույցից հայտնում են, որ Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է հարուցված քրեական վարույթների շրջանակում, և ինչպես Քննչական կոմիտեն է տեղեկացնում, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
«Ամենևին չփորձելով միջամտել քրեական վարույթին՝ հարկ է նշել, որ առնվազն կասկածահարույց է խնամքին տարեց ծնող ունեցող, ընդդիմադիր դիրքավորմամբ հայտնի կնոջը կալանավորելու՝ նախաքննական մարմնի մղումը այն դեպքում, երբ շատ ավելի արտառոց դեպքերում իրավապահ համակարգը մատը մատին չի խփում, եթե տվյալ ենթադրյալ հանցավոր արաքը կատարող անձը իշխանության նկատմամբ լոյալ է:
Մի՞թե հնարավոր չէր կալանքի հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությամբ ապահովել Լիլիթ Աղեկյանի պատշաճ վարքագիծը նախաքննության ընթացքում», – նշվում է ՀԺՄ–ի հայտարարության մեջ։
Կառույցից ընդգծում են, որ հետևողական են լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, և «ի վերջո, հանրությունը պետք է հստակ իմանա՝ արդյո՞ք նրան մեկուսացնելու պատճառը Լիլիթ Աղեկյանի խոսքն ու գործունեությունը սահմանափակելու միտում չունի»։
«Ակնհայտ է, որ խնամքին տարեց մայր ունեցող Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ունեն իրավաչափության, համաչափության և խտրական վերաբերմունքի խնդիր», – նշել են ՀԺՄ–ից։
Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Լիլիթ Աղեկյանին։
«Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես կապ է հաստատվել ինչպես ՁՊՎ-ի իրավասու ներկայացուցչի, այնպես էլ՝ քրեական վարույթն իրականացնող քննիչի հետ։ Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշման հիման վրա` դատարան ներկայացնելու նպատակով», – նշվում է ՄԻՊ–ի հայտարարության մեջ։
Ըստ ստացված տեղեկատվության` Զարուհի Փոստանջյանի` որպես փաստաբան ներգրավելու հարցը մերժվել է, քանի որ վարույթի շրջանակում առկա են նրա մասնակցությունը բացառող հանգամանքներ, իսկ Լիլիթ Աղեկյանի շահերը ներկայացնելու համար ներգրավվել է հանրային պաշտպան։
«Ավելին, բարձրացվել է նաև ՁՊՎ-ում Լիլիթ Աղեկյանին բժշկական զննության ենթարկելու հարցը: Արդյունքում` շտապօգնության բժիշկների կողմից իրականացված զննության և արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել Պաշտպանի աշխատակազմ։ Պարզաբանվել է նաև, որ որոշակի գանգատներ ունենալու հիմքով Լիլիթ Աղեկյանը տեղափոխվել է «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ անհրաժեշտ բուժզննության ենթարկվելուց հետո տեղափոխվել է ՁՊՎ։ Պաշտպանի ներկայացուցիչը կապի մեջ է գտնվել նաև բուժհաստատության հերթապահ անձնակազմի հետ», – նշվում է ՄԻՊ–ի հայտարարության մեջ։
Այնուհետև, Պաշտպանի աշխատակազմ ստացվել է տեղեկություն առ այն, որ դատարանի որոշմամբ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացվել է այց, առանձնազրույց է տեղի ունեցել Լիլիթ Աղեկյանի հետ։
«Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները, ի թիվս այլնի` բարձրացրել է քրեական վարույթով իր նախընտրած փաստաբանին՝ Զարուհի Փոստանջյանին վարույթին ներգրավելու, իրեն անհիմն մեղադրանք առաջադրելու և ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ ոչ պատշաճ և վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ հարցեր։ Իր պնդմամբ` ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, տևական ժամանակ կիրառվել են ձեռնաշղթաներ, զննության իրականացումն ուղեկցվել է տեսանկարահանմամբ, ինչպես նաև իրեն ոստիկանության բաժին են տեղափոխել տնային հագուստով», – նշվում է ՄԻՊ–ի հայտարարության մեջ։
Այցի շրջանակում ուսումնասիրվել են նաև վերջինիս վերաբերյալ կազմված փաստաթղթերը, իրավունքների ապահովմանն առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
«Լիլիթ Աղեկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև, որ ՔԿՀ մուտք գործելիս տրամադրվել են իրեն անհրաժեշտ հիգիենայի պարագաներ, ինչի առնչությամբ ի սկզբանե ներկակացվել էին մտահոգիչ տեղեկություններ։ Ստացված ահազանգի և քրեակատարողական հիմնարկ կատարած այցի արդյունքները ամփովում են, պաշտոնական պարզաբանումների պահանջով գրություններ են հասցեագրվում ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանություն», – նշվում է հայտարարության մեջ։
Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինները պարտավոր են պատշաճ քննարկման առարկա դարձնել անձի բոլոր պնդումները` վատ վերաբերմունքի հանգամանքների առնչությամբ և արդյունքները ներկայացնել հրապարակային:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրության առարկա է նաև Փոստանջյանին որպես պաշտպան չներգրավելու հետ կապված հարցը:
Արդյունքների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմը հանդես կգա հրապարակային:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: