Սիսիանի դպրոցներից մեկի տնօրենը մեղադրվում է մոտ 2 մլն դրամի յուրացման համար

20.02.2019, 17:09
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է  Նորավանի միջնակարգ դպրոցում չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։
Սիսիանի դպրոցներից մեկի տնօրենը մեղադրվում է մոտ 2 մլն դրամի յուրացման համար
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը, մեղադրանք է առաջադրվել է դպրոցի տնօրենին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տվյալ դպրոցի տնօրենը 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն ՝ տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից խոշոր չափերի գումարներ հափշտակել, 2016 թվականի հունվար ամսից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, բանկոմատից անձամբ կանխիկացրել է աշխատակցի աշխատավարձի գումարը և առձեռն յուրաքանչյուր ամիս նրան տվել 20.000 դրամ, իսկ մնացած՝ խոշոր չափերով ընդհանուր 1.849.664 ՀՀ դրամ գումարը յուրացրել է:

Загружается новость ... "Право"

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով տնօրենն աշխատանքային պայմանագրի մեջ, ստորագրված աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ, մտցրել է կեղծ տեղեկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (Խոշոր չափերի յուրացում կամ մսխում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ) և 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում դպրոցի տնօրենը վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: -0-