Սիրիահայ փախստականները «համեմում են» հայկական խոհանոցը

07.03.2016, 14:55
The Guardian հայտնի պարբերականն անդրադարձել է սիրիահայերի խոհանոցի անբաժան մասնիկի` լահմաջոյի պատրաստմանը պատմական հայրենիքում` Հայաստանում:
Սիրիահայ փախստականները «համեմում են» հայկական խոհանոցը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Քսանութամյա սիրիահայ Կայծակ Ջաբախչուրյանը Երևանի կենտրոնում գտնվող բիստրոյում պատրաստվող լահմաջոյի խմորին համեմված աղացած միս է ավելացնում: The Guardian հայտնի պարբերականն անդրադարձել է սիրիահայերի խոհանոցի անբաժան մասնիկի` լահմաջոյի պատրաստմանը պատմական հայրենիքում` Հայաստանում:

Չորս տարի առաջ Ջաբախչուրյանն իր ընտանիքի հետ ռազմական գործողությունների պատճառով լքել է Սիրիայի Հալեպ քաղաքը, որտեղ մեծ թվով էթնիկ հայեր են բնակվում, գրում է The Guardian-ը:

Սիրիահայ փախստականներից շատերը, ինչպես և Ջաբախչուրյանները, իրենց հետ Հայաստան են բերել ազգային խոհանոցի նոր համ ու առաձնահատկություններ, և դրանցից է լահմաջոն, մուհամարան` լցոնած պղպեղը, ֆաթուշը` հազարաթերթով և լավաշի կտորներով աղցան, ֆալաֆել և այլն, հայտնում է պարբերականը:

«Մենք ավանդական լահմաջոն ավելի բարկահամ ենք դարձրել, քանի որ ութ տեսակի համեմունքներ ենք ավելացնում»,- ասել է Ջաբախչուրյանը: Ի դեպ, Կայծակը ներկայացրել է նաև սիրիահայկական լահմաջոյի պատրաստման եղանակը:

Ընդ որում, լահմաջոներն ըստ իրենց համեմունքների, նաև անուններ ունեն: Օրինակ, ավելի շատ տավարի մսով լահմաջոն կոչվում է Երևանյան, սոխով և մասադանոսով համեմվածը` Գյումրի: 

 - рис.1

Բիստրոյում մատուցում են նաև Ջաբախչուրյանի տատիկի բաղադրատոմսով պատրաստած սպասը:

«Դա ինձ ջերմ հիշողություններ է բերում»,- խոստովանել է Կայծակը:

Թեև լահմաջոն նորություն չէ Հայաստանի համար, տեղի բնակիչները, այնուամենայնիվ, համային հստակ տարբերություն են տեսնում տեղական և Հալեպի լահմաջոյի միջև:

Երևանի բնակիչ Գայանե Բիլբուլյանը նշել է, որ տարբերությունը զգացել է, երբ առաջին անգամ համտեսել է հայ-հալեպյան լահմաջոն: «Դա համերի ֆանտաստիկ փունջ է»,- ասել է նա:

ՄԱԿ-ի փաստականների հարցերով երևանյան համակարգող Անահիտ Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանում Մերձավոր արևելքի խոհանոցները ներկայացնող ռեստորանների թիվն ավելացել է 2011 թվականից հետո, երբ Սիրիայից պատմական հայրենիք են ժամանել բազմաթիվ փախստականներ:

Սիրիահայերին հուսադրում է այն փաստը, որ տեղի բնակիչներին դուր են եկել նրանց խոհանոցի համային առանձնահատկությունները:

Սննդի բազմաթիվ կետեր քաղաքում նույնպես առաջարկում են մերձավորարևելյան ուտեստներ, որոշ այդպիսի կետերում մսավաճառներն առաջարկում են նույնիսկ իսլամի օրենքներին համապատասխան պատրաստած «հալալ» միս: -0-