Սիլիկյան թաղամասի ավտովերանորոգման կետում արջ են պահել․ FPWC–ին ահազանգում է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Սիլիկյան թաղամասի ավտոմեքենաների վերանորոգման կետրում պահվող արջը փրկվել է։
Ինչպես հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), արջը պահվում էր նեղ, խավար վանդակում՝ ավտոմեքենաների վերանորոգման կետում, կենդանին զրկված էր մասնագիտական խնամքից և համապատասխան սննդից:
Նախնական զննությամբ հայտնաբերվել են լուրջ առողջական խնդիրներ :
- Վնասված թաթեր՝ բետոնի վրա շարունակական քայլելու հետևանքով
- Կոտրված ատամներ
- Սառցապատ հատակի վրա տեղաշարժվելու դժվարություններ
Փրկության գործընթացին մասնակցել են նաև կենդանասերների համայնքի ներկայացուցիչներ, որոնք մտահոգ էին կենդանու ճակատագրով , ինչպես նաև գործընթացին աջակցել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը:
Ներկայումս փրկված արջը գտնվում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որտեղ ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք:
Մասնագետները գնահատում են կենդանու առողջական վիճակը՝ հետագա վերականգնման ծրագիր մշակելու նպատակով:
Հիմնադրամից կոչ են անում քաղաքացիներին լինել զգոն և անմիջապես հայտնել վայրի կենդանիների անօրինական պահման կամ վատ վերաբերմունքի դեպքերի մասին: