Շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ներկրում է կանխվել Հայաստան. կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)

03.02.2026, 18:38
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության խոշոր դեպք. ՎԻԴԵՈ
Շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ներկրում է կանխվել Հայաստան. կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության խոշոր դեպք։

Կոմիտեի տեղեկացմամբ, Ագարակ սահմանային անցման կետում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած բեռնատարը, որի կցորդի երկաթե հենարանների մեջ թաքցված է եղել 34 պոլիէթիլենային տոպրակ։ Հայտնաբերված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ընդհանուր քաշը կազմել է շուրջ 23,4 կգ։

Դեպքի առնչությամբ բեռնատարի վարորդը՝ ԻԻՀ քաղաքացի Ա. Փ.-ն, ձերբակալվել է, իսկ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հանցավոր շղթան ամբողջությամբ բացահայտելու նպատակով ՊԵԿ-ի և ՆԳՆ ոստիկանության քրեական ծառայողները ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

«Վերահսկելի մատակարարում և գնում» գործողության շրջանակում, Երևան-Մասիս ճանապարհահատվածում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման կասկածանքով ձերբակալվել են նաև ՀՀ երկու քաղաքացիներ՝ Է. Ա.-ն և Ս. Ջ.-ն:

Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ընթանում է նախաքննություն։

ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկվում են քայլեր՝ հանցավոր գործունեության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։