Շիրակում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է համապատասխան կենտրոն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է համապատասխան կենտրոն։
Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ՝ Անի Հակոբյանը տեղեկացրել է, որ Շիրակի մարզի համայնքներից մեկում հայտնաբերված լուսանի տեղափոխման գործընթացը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
«Ներկայում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ կենդանու անվտանգության ապահովման և նրան բնական միջավայրին հնարավորինս մոտ վայր տեղափոխելու նպատակով։ Գործընթացում ներգրավված են համապատասխան կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,-Facebook-ի իր էջում գրել է Անի Հակոբյանը։
Նա նշել է, որ կենդանին արդեն Երևանում է՝ համապատասխան կենտրոնում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ տնօրեն Վահան Թումասյանն էլ հայտնել է, որ լուսանի ձագը կտեղափոխվի կենդանաբանական այգի, կլինի հատուկ հսկողության տակ և գյուղի բնակչության, հատկապես՝ երիտասարդների խնդրանքով նրան կանվանեն գյուղի անունով՝ Բագրավան:
Նախօրեին Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին տեսանկարահանել է լուսանի։
«Լուսանի հանդիպելիս կոչ ենք անում պահպանել զգուշություն և չմոտենալ կենդանուն։ Լուսանը վայրի կենդանի է, և նրան իր բնական միջավայրում մոտենալը կարող է վտանգել թե՛ կենդանուն, թե՛ մարդու անվտանգությունը»,-նշվել է գերատեսչության հաղորդագրության մեջ։

