Շանթ Հարությունյանն ազատ արձակվեց

06.11.2018, 13:23
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Շանթ Հարությունյանն ազատ արձակվեց
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը համաներմամբ քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, հայտնել են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։

Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել և դատապարտվել էին ազատազրկման։ Տվյալ գործով դատապարտվեց 14 մարդ, իսկ Շանթ Հարությունյանն այս գործով միակ մեղադրյալն էր, որ դեռ բանտում էր։

Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը։

Համաներումը կտարածվի ընդհանուր առմամբ 6.5 հազար անձանց վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։ -0-