Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի օրհնությունն ու գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորը

16.10.2025, 21:17
Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը
Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի օրհնությունն ու գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել հատորը նվիրելու համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Նիկոլ Փաշինյանը խնդրել է նաև իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ Ա Կաթողիկոսին։ 

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը նշել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են նաև Մատենադարանի տնօրինության հետ և ողջունել ՀՀ

Կառավարության կողմից Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու փաստը։ 

Արքեպիսկոպոսի խոսքով՝ Կառավարության նման քայլը բարձր է գնահատել նաև Արամ Ա Վեհափառը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, Լիբանանում և Սիրիայում հայ համայնքների հետ կապված իրավիճակի շուրջ։