Սևով սպիտակի վրա գրված է, թե ով կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նիստին․ Սիմոնյանը՝ լրագրողին ԱԺ–ի շենքից հեռացնելու մասին
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է այսօր ՀՀ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին և հայտնել, որ լրագրողին դուրս են բերել օրենքի պահանջով։
«Սևով սպիտակի վրա գրված է, թե ով կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նիստին։ Հայերեն լեզվով գրած է, և քաղաքացիները, լրագրողները, որոնք հավատարմագրված չեն, չեն ստացել, զրկվել են, չեն կարող ընդեղ գտնվել», - ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այդ մարդիկ իրավունք չունեն գտնվել նիստերի դահլիճում և նույնիսկ որպես քաղաքացի, քանի որ հանձնաժողովը պետք է նիստ անի, որոշում կայացնի, որպեսզի նրանք կարողանան ներկա գտնվել։
ԱԺ նախագահի խոսքով՝ ինքը չի հասկանում, թե ինչ է կատարվում լրատվական դաշտի հետ, և որն է նրանց նպատակը։
«Լրագրողները պետք է իրենց այնպես դրսևորեն, որ հասարակ մարդիկ, ոչ թե քաղաքական գործչները, հաճույք ստանան խոսակցությունից։ Հարցազրույցը և լրագրողը ինտելեկտի և բովանդակության փոխանակում և ցուցադրում են, այլ ոչ թե իրենց ցույց տալու և դիմացինին սադրելու», - նշել է ԱԺ նախագահը։
Նշենք, որ այսօր ԱԺ անվտանգության աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին դուրս են բերել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճից։
Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե լրագրողները հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք չունեն։ Չնայած պատգամավորների միջամտությանը, մասնավորապես՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ով հրավիրել էր լրագրողներին, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի թույլտվությանը, նրանց չի թույլատրվել մնալ դահլիճում։
Հայտարարվել է ընդմիջում, և անվտանգության աշխատակիցները լրագրողներին ուղեկցել են մինչև խորհրդարանի դարպասները։

