Սևակի աղմկահարույց արձանը կհեռացվի՞․ Զանգակատան բնակչության 85%-ն ուզում է, որ արձանը հանվի դպրոցի բակից (ՎԻԴԵՈ)

16.12.2025, 11:56
Առցանց հարցման արդյունքում կպարզվի Սևակի քանդակը կմնա՞, թե՞ կհանվի․ ՎԻԴԵՈ
Սևակի աղմկահարույց արձանը կհեռացվի՞․ Զանգակատան բնակչության 85%-ն ուզում է, որ արձանը հանվի դպրոցի բակից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սոցցանցերում արդեն շուրջ 10 օր է չեն դադարում բուռն քննարկումները Զանգակատան դպրոցի բակում տեղադրված հռչակավոր բանաստեղծ Պարույր Սևակի արձանի շուրջ։

Հիմնական պնդումներն այն մասին են, որ տրավերտինից քանդակված կիսանդրին չի արտացոլում Սևակին, նրա կերպարը։

Ինչպես նշում է քանդակի հեղինակ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, քանդակում նա ցանկացել է արտահայտել փիլիսոփա Սևակին, «Անլռելի Զանգակատուն Սևակին», ոչ թե լուսանկարչություն։

Քանդակի վրա Թոքմաջյանն աշխատել է երկու տարի։ Սևակի տուն–թանգարանի տնօրենի հետ քննարկել է նախ արձանը տեղադրել թանգարանի մոտ, ապա որոշվել է այն տանել Զանգակատան դպրոցի բակ։ Արձանը քանդակագործի նվերն է դպրոցին։

Զանգակատան դպրոցի տնօրենի պաշտոնակատար Հայկազ Ադամյանի խոսքով, քանդակն ընունել են որպես նվեր, որպես արժեք։

«Փորձել ենք քանդակագործի աչքերով նայել, ինչպես ինքն է մեկնաբանում, որի մեջ կա փիլիսոփայություն, միտք, գաղափար», –նշել է Ադամյանը։

Քանդակը կմնա, թե կտեղափոխեն այլ տեղ, պատասխանն, ըստ Սևակի տուն–թանգարանի տնօրեն, բանաստեղծի թոռ Սևակ Ղազարյանի, կտա առցանց սոցհարցումը, որը նախաձեռնել են գյուղապետարանի հետ։

«Հանդիպել ենք գյուղապետի հետ, խոսել, բայց որպեսզի ավելի ամբողջական պատկեր ունենանք, որոշեցինք, որ այդպես (սոցհարցման միջոցով, խմբ․) ավելի արագ կպարզենք մեր համագյուղացիների կարծիքը։ Այս պահի դրությամբ 85 և ավել տոկոսով կարծիքն այն է, որ պետք է քանդակը հանվի», – նշել է Ղազարյանը։

Դպրոցի տնօրենի պաշտոնակատարն իր հերթին ցանկանում է, որ քանդակը ոչ թե հեռացվի, այլ դրա վրա շտկումներ արվեն։

Առցանց հարցման արդյունքները կամփոփվեն այսօր։