Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

21.05.2025, 11:42
Հունիս ամսվա ընթացքում պլանավորվում է իրականացնել ավտոբուսների գծերի ընդլայնման մեծ ծրագիր
Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիս ամսվա ընթացքում պլանավորվում է իրականացնել ավտոբուսների գծերի ընդլայնման մեծ ծրագիր, որն անդրադառնալու է Մաշտոցի պողոտայի գծի շարունակությանը դեպի Իսակովի պողոտա: 

Հունիսին նախատեսվում են նաև երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ: Այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին ասել է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը, հաղորդում է «Առաջին լրատվականը»։ 

Անդրադառնալով ավտոբուսների առանձնացված գծերին՝ տրանսպորտի վարչության պետը տեղեկացրել է, որ Մոսկովյան փողոցի մի հատված արդեն իսկ կահավորվել է, արդյունքում ավտոբուսը Խանջյանից դեպի Մոսկովյան ուղղությամբ կարող է Մոսկովյան փողոցը հատել և հասնել Աբովյան փողոց: 

«Ինչ վերաբերում է կարմիր գծերին, տեղեկացնեմ, որ ծածկույթն ընդլայնվել է մի շարք հատվածներում, մասնավորապես՝ Հին Երևանցու փողոցում արդեն իսկ իրականացվում է հսկողություն»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ ներկայումս լուսավորության ցանցի վերազինման հետ կապված աշխատանքներ են իրականացվում նաև Խորենացու փողոցում: 

«Երթևեկության մասով փոփոխություններն ահռելի են և առնչվելու են գրեթե ամբողջ Փոքր Կենտրոնին»,-ասել է նա։ 

Վազգեն Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ Սարյան փողոցում պլանավորվում է միակողմանի երթևեկություն, հակադարձ ուղղությունը կլինի Մաշտոցը, այդ իսկ պատճառով ձախ երթևեկելի գոտիները փակվելու են, որպեսզի Մաշտոցում ուղիղ երթևեկությունը շարունակվի: 

Նախատեսվում է նաև, որ ավտոբուսային գիծը Մաշտոցի փողոցից մուտք կգործի Խորենացու փողոց, որից հետո՝ Իտալիայի և Բեյրութի փողոցներով՝ Արգիշտիի փողոց, և կամրջով մուտք կգործի Իսակովի պողոտա: 

«Ունենք նախագիծ, որով նախատեսվում է Փոքր Կենտրոնում մի շարք հատվածներում երթևեկությունը ընդհանուր դադարեցնել: Գաղափարի հիմքում այն է, որ Փոքր Կենտրոնը մատչելի լինի և նախատեսված լինի հետիոտնի համար: Դա ներառում է Աբովյան փողոցի մի հատված, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայից սկսած դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում նման մի հատված, որտեղ կարգելվի երթևեկությունը, նաև Հանրապետության հրապարակի մի մասում, որը միտված է բացառապես հետիոտնի համար, որտեղ երթևեկությունը կլինի սահմանափակ»,- ասել է նա՝ հավելելով, որ Արաբկիր վարչական շրջանում ևս Կոմիտասի պողոտայում մեկ ուղղությամբ նախատեսվում է ավտոբուսային գիծ ներդնել: