Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց

18.06.2025, 23:57
Դատարանը քիչ առաջ հրապարակեց գործարար «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը
Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դատարանը քիչ առաջ հրապարակեց գործարար «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը։

Դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունը․ գործարարին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել, հայտնում է «Առաջին լրատվականը»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: 

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ 

Նշենք, որ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։ 

Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։ 

«Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։ 

Դրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է․ «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։

Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։ 

Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը։