Սա արվում է որպես պետություն ՀՀ–ի բնականոն կյանքն ապահովելու համար․ Փաշինյանը՝ մուտքի կամ ելքի կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու որոշման մասին
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը։
Այս որոշումն ընդունվել է կառավարության կողմից 2025թ․–ի սեպտեմբերի 11–ին և ուժի մեջ կմտնի այս տարվա նոյեմբերի 1–ից։
«Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել», – ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով, ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում տեսական հնարավորություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի՝ Հայաստան այցի մասին
«Անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, երբ պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ու սահմաններով։ Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը», – ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց, որ սա արվում է որպես պետություն Հայաստանի բնականոն կյանքն ապահովելու համար։
«Բայց եթե հանկարծ պարզվի, որ մենք ուզում ենք դրոշմի վրա ինչ–որ բան արտահայտել, այդ արտահայտվածը միանշանակ պետք է կապված լինի Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի հետ», – ասաց նա՝ նշելով, որ այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում։

