Ռուսաստանից և Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է լաբորատոր փորձաքննությունների

13.11.2025, 12:31
Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, և արդյունքները  պատրաստ լինելուն պես կհրապարակվեն, հայտնել է ՍԱՏՄ-ն
Ռուսաստանից և Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է լաբորատոր փորձաքննությունների

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա /. Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների։

ՍԱՏՄ-ի տեղեկացմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության շրջանակներում իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ իր ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Նշվում է, որ փորձարկումներն իրականացվել են երեք ուղղություններով՝ բուսասանիտարական փորձարկումներ, անվտանգության ցուցանիշների փորձարկումներ և որակի ցուցանիշների փորձարկումներ։

Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։

Անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել։

«Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, և արդյունքները պատրաստ լինելուն պես կհրապարակվեն»,-նշվում է ՍԱՏՄ-ի ներկայացրած հաղորդագրության մեջ։