Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով (ՎԻԴԵՈ)

06.11.2025, 10:33
Դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ, նշել են ՀՀ կառավարությունից
Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ 

«Դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։

Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը», – նշվում է կառավարության հաղորդագրության մեջ։ 

Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։

Հոկտեմբերի 21-ին հայտարարվեց, որ Ադրբեջանի նախագահը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Նման ճանապարհով առաջինը Ղազախստսնից դեպի Հայաստան է տեղափոխվում ցորենի խմբաքանակ։