Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից ցանկանում են բռնագանձել 22 անշարժ գույք, մեծ չափի գումար, պարտատոմսեր, այլ ունեցվածք

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ունեցվածքի ցանկը, որը ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության։
«Ռոբերտ ու Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից ու Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանույշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից ու Վիգեն Չատինյանից, հօգուտ Հայաստանի, դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլու ու շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ ու ավելի քանի 20 միլիարդ դրամ»,- տեղեկացրել է դատախազը։
Վարդապետյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց դեմ հայցը քննվում է դատարանի կողմից։