Ռիոյի Օլիմպիադայի հերոսները ստացան Սբ. Էջմիածնի օրհնությունը

29.08.2016, 20:17
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներին։
Ռիոյի Օլիմպիադայի հերոսները ստացան Սբ. Էջմիածնի օրհնությունը
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին և ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին։

Մարզիկներին ուղեկցել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը և Ազգային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանը։

Հանդիպմանը Սրբազան Հայրը մեդալակիր մարզիկներին փոխանցեց Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքները՝ օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշներ արձանագրելու առիթով:

Սրբազանը վստահություն հայտնեց, որ մեդալակիրներն իրենց հաղթական ոգով օրինակ կլինեն երիտասարդ սերնդի համար:

Մրցանակակիր մարզիկները խորին շնորհակալություն հայտնեցին ընդունելության և, մասնավորապես, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հայ մարզիկների նկատմամբ մշտապես ցուցաբերուող ուշադրության համար:

Նրանք վստահեցրին, որ Ս. Էջմիածնի օրհնությունն ավելի մեծ ուժ կհաղորդի իրենց` հետագայում ևս հաջողությամբ հանդես գալու մարզական տարբեր հարթակներում և նոր հաղթանակներ նվաճելու համար։-0-