Քրվարույթով հիմնավորվել է, որ բանակը մասնակցություն է ունեցել Մարտի 1–ի իրադարձություններին․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/Նովոստի Արմենիա/․ Քրեական վարույթով հիմնավորվել է, պատշաճ ապացույցներ են ձեռք բերվել, որ բանակը մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին, հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ԱԺ ամբիոնից։
Նահապետյանը հայտնել է, որ այս ուղղությամբ նախաքննություն է կատարվում և նախաքննության շահերից ելնելով չի կոնկրետացնել, թե որ զորամասի մասին է խոսքը։
«Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008-ի Մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԶՈՒ ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ քրեական վարույթով նախաքննություն իրականացնող քննչական խմբի առանձին անդամներ և ոստիկանության պաշտոնատար անձինք փոխել են դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձաքննության օբյեկտ համարվող կրակված պարկուճները, ինչպես նաև կազմել և քրեական գործին են կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել հանցագործությանն առնչվող հանգամանքներ», - ասաց Նահապետյանը ԱԺ–ոի, Մարտի 1-ին առնչվող հանրային քննարկման ժամանակ
Նա հայտնեց, որ սպանված և մարմնական վնասվածքներ ստացած անձանց մարմիններից հանվել են 5,45 և 9 միլիմետր տրամաչափի հրազեններից արձակված 6 հատ գնդակներ, որոնց փորձագիտական հետազոտմամբ պարզվել է, որ դրանք արձակվել են 5 տարբեր հրազեններից:
«Հետևաբար ակնհատ է, որ 3 զոհերի մարմիններից հանված փամփուշտների և դրանք արձակած զենքերի հետ իրական համադրում չէր կարող կատարվել», - ասաց ՀԿ նախագահը:
Նրա խոսքով՝ նման պայմաններում վարույթ իրականացնող մարմինը ներկայումս նույնպես զրկված է համապատասխան փորձաքննությունների միջոցով պարզելուց, թե Մարտի 1-ի իրադարձությունից հետո Երևանի կենտրոնական փողոցներում հայտնաբերված 1000-ից ավելի պարկուճները կոնկրետ որ զենքերից են կրակված եղել:
«Մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած ԶՈՒ ներկայացուցիչները չեն հարցաքննվել, նրանց գործողություններին որևէ գնահատական չի տրվել, քանի որ քննությունն ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ոստիկանության զորքերի առանձին զինծառայողների, ինչը իրականությանը չի համապատասխանում», - ասաց Նահապետյանը:
ՀԿ նախագահը հայտնեց, որ այս մասով կատարվում են համապատասխան ապացուցողական և վարութային այլ գործողություններ գործընթացի հետ առնչություն ունեցած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար:

