ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բացի այդ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ստացված մեկ այլ հաղորդման կապակցությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 22-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նույն համալսարանի ռեկտորի ընտրությունների համար հիմք հանդիսացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ: Նշված քրեական վարույթներով, դատախազական հսկողությամբ, կատարվում է նախաքննություն:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում