Քննչական կոմիտեի նախագահը՝ Մարմարիկում 2–ամյա Տիգրանի անհետացման դեպքի մասին

13.05.2025, 16:03
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անդրադարձել է մայիսի 4–ին Մարմարիկում 2–ամյա Տիգրանի անհետացման դեպքին
Քննչական կոմիտեի նախագահը՝ Մարմարիկում 2–ամյա Տիգրանի անհետացման դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անդրադարձել է մայիսի 4–ին Մարմարիկում 2–ամյա Տիգրանի անհետացման դեպքին։

Նա նշել է է, որ գործով նախաքննություն է իրականացվում, նախաձեռնվել է սպանության հատկանիշներով վարույթ։

«Բոլոր վարկածները ստուգվում են, հսկայական անձնակազմ է ներգրավված այդ աշխատանքներում։ Հույս ունենք, որ առաջիկայում որևիցե արդյունք կունենանք», – ասել է ՔԿ նախագահը Armlur–ի հետ զրույցում։

Անդրադառնալով ընտանիքի թշնամիների մասին հարցին՝ ՔԿ նախագահը նշել է, որ նախաքննության շահերից ելնելով՝ չի ցանկանում այս պահին խոսել առաջ քաշված վարկածների մասին։

«Առաջիկայում հանրությանը կիրազեկենք», – ասել է Պողոսյանը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4–ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։

Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։

Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։

Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։ Երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսօր՝ մայիսի 13–ին փրկարարները գետի որոշակի հատվածներում ցանցեր են տեղադրել, որպեսզի ինչ-որ բան կարողանան հայտնաբերել։