Քննարկվո՞ւմ է Սահմանադրական ճգնաժամը խորհրդարանի միջոցով լուծելու տարբերակը. Փաշինյանը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ միջազգային գործընկերների հետ քննարկվում է Սահմանադրական ճգնաժամը խորհրդարանի շրջանակում լուծելու հարցը, ոչ թե հանրաքվեով, ինչպես ենթադրվում էր նախկինում:
«Մոտ տաս օր առաջ ես հայտարարեցի, որ մեր կանխատեսումը հետևյալն է, որ առնվազն 1 տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մեկ տարի մենք հանրաքվե չենք կարող անել: Որովհետև հայտարարել ենք, որ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել մեր կողմից, քան հանրային առողջության շահը»,- նշել է նա:
Միաժամանակ վարչապետը նաև նշել է, որ հնարավոր չէ սպասել Սահմանադրական դատարանի իրավիճակի լուծմանը մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի:
«Եթե նույնիսկ այսպես սպասենք, ապա մենք առաջիկայում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորել, սահմանադրական փոփոխությունններ պետք է տեղի ունենան, այդ համատեքստում կլուծենք, որն արդեն մյուս տարվա հունիսին, նախնական հաշվարկներով, կարող է դրվել հանրաքվեի, մի տեսակ անիմաստ է դառնում այդ պրոցեսը (Հանրաքվեն)»,- նշել է նա:
Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հիմա Վետենիկի հանձնաժողով ենք դիմել, հիմա քննարկվում է Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը:
Հանրաքվեն և դրա ժամկետները
Փետրվարի 6-ին Ազգային ժողովի պատգամավորները որոշեցին հանրաքվեի միջոցով որոշել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի լուծարում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը։ Այն նախատեսված էր ապրիլի 5–ին։
Հանրաքվեի անցկացումից առաջ քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին և պետք է ավարտվեր ապրիլի 3-ին, սակայն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված երկրում հանրաքվեն հետաձգվում է անորոշ ժամանակով: -0-

