Քիչ առաջ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ ԶԼՄ-երում լուրեր էին շրջանառվում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի ձերբակալության վերաբերյալ։
«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը տված պարզաբանման մեջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է տեղեկությունը։
«Հաստատում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ»,-նշվում է կոմիտեի հաստատման տեքստում։
Կոմիտեից հավելել են, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

