Քաղաքացիները բողոքում են Երևանի կենտրոնում երթևեկի ծավալուն փոփոխություններից․ քաղաքապետարանը փորձում է պարզաբանել

23.06.2025, 11:52
Քաղաքացիները դժգոհում են Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած երթևեկության ծավալուն փոփոխություններից
Քաղաքացիները բողոքում են Երևանի կենտրոնում երթևեկի ծավալուն փոփոխություններից․ քաղաքապետարանը փորձում է պարզաբանել

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։

Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Facebook–յան իր էջում։ 

«Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման ընդգրկուն գործընթացների դեպքում։ Ներկայում քաղաքապետարանը իրականացնում է մշտադիտարկում լրացուցիչ կարգավորումներով իրավիճակը մեղմելու և երթևեկությունն ավելի հավասարակշռված կազմակերպելու համար», – նշել է Կոստանյանը։ 

Ավելի վաղ, Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր Մաշտոցի պողոտայի, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցների երթևեկության կազմակերպման մասշտաբային փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ են մտնում հունիսի 20-ից: Երթուղու փոփոխությունները կվերաբերեն թիվ 1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսային երթուղիներին, ինչպես նաև թիվ 24 և 75 միկրոավտոբուսային երթուղիներին: Փոփոխությունները կանդրադառնան հ.1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսային երթուղիների և հ. 24 և 75 միկրոավտոբուսային երթուղիների հետագծի վրա:

Մասնավորապես, Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» մոտ գտնվող թունելի փոխարեն ավտոբուսները երթևեկում են զուգահեռ, ավելի նեղ փողոցներով, ինչն առաջացնում է տրանսպորտով երթևեկող քաղաքացիների և մարդատար մեքենաների վարորդների դժգոհությունը, քանի որ առաջանում են մեծ խցանումներ։