Պուշկինի անվան դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում․ ծնողները երթով շարժվեցին դեպի նախարարություն

12.05.2025, 10:46
Դասադուլը շարունակվում է, ծնողներն ու աշակերտները վաղ առավոտյան հավաքվել էին դպրոցի մոտ
Պուշկինի անվան դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում․ ծնողները երթով շարժվեցին դեպի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում մայիսի 8-ի առավոտյան ստորագրահավաք և դասադուլ էր: Ծնողները, աշակերտներն ու ուսուցիչները դեմ են դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի աշխատանքից հեռացմանը:

Ուսուցիչների մեծ մասն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Լրատվամիջոցներին նախարարությունից հայտնել են, որ դպրոցի տնօրենը հեռացվել է ոչ թե կարգապահական հիմքով, այլ պարզապես նրա պաշտոնավարման ժամկետի ավարտի պատճառով՝ 2024 թվականի մարտի 29-ին։ Դրանից հետո հայտարարվել է մրցույթ նոր տնօրենի ընտրության համար, որին մասնակցել է նաև նախկին տնօրենը, սակայն ըստ ԿԳՄՍ-ի՝ նա չի հաղթահարել հարցազրույցի փուլը։ Այս հանգամանքը քննադատության է արժանացել, քանի որ այդ փուլում ենթադրվում է սուբյեկտիվ մոտեցման հնարավորություն։ Այժմ նախկին տնօրեն Ստեփանյանը բողոքարկել է մրցույթի արդյունքները։

«Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել։ Տնօրենի պարտականությունների կատարումն իրականացվում է՝ ըստ սահմանված կարգի»,– հայտնել են նախարարությունից։

Գերատեսչությունից ծնողների ու մանկավարժների բողոքի ակցիան գնահատել են որպես ուսումնական գործընթացը խաթարելու փորձ։

Այսօր դասադուլը շարունակվում է, ծնողներն ու աշակերտները վաղ առավոտյան հավաքվել էին դպրոցի մոտ։ Ինչպես նշեց դպրոցի ծնողկոմիտեի ղեկավար Ալվինա Հովակիմյանը, ծնողներն ունեն հստակ ձևակերպված պահանջ, որը կներկայացնեն նախարարության շենքի մոտ։

Այս րոպեներին ծնողները երթով շարժվում են դեպի նախարարության շենք։