Փորձագետը պատմել է հայ–ադրբեջանական սահմանում միջադեպի պատճառների մասին

27.03.2019, 14:52
Նախօրեին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել հայ–ադրբեջանական սահմանում։
Փորձագետը պատմել է հայ–ադրբեջանական սահմանում միջադեպի պատճառների մասին
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի սահմանում միջադեպը կապված է ադրբեջանական կողմի` ինժեներական աշխատանքների ընթացքում իր դիրքերը բարելավելու հետ, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց ադրբեջանագետ, Razm.info ռազմավերլուծական մասնագիտացված ռեսուրսի աշխատակից Տարոն Հովհաննիսյանը։

Նախօրեին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել հայ–ադրբեջանական սահմանի հյուսիս–արևելյան հատվածում` Բերդավան գյուղի մոտակայքում։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։

«2018 թվականի հոկտեմբերից Հայաստանի հետ սահմանում գործարկվել են Ադրբեջանի սահմանային ծառայության ստորաբաժանումներ, որոնք սկսել են ինժեներաշինարարական աշխատանքներ իրականացնել պետական սահմանի ողջ երկայնքով։ Ադրբեջանական կողմը ցանկանում էր օգտվել շինարարական աշխատանքներից և բարելավել իր դիրքերը Բերդավան հայկական գյուղի դիմաց միջդիրքային տարածքի հաշվին, սակայն կանգնեցվել էր, ինչի պատճառով էլ փոխհրաձգություն էր սկսվել»,– ասաց Հովհաննիսյանը, ընդգծելով, որ հնարավոր էսկալացիայի մասին խոսակցությունների առիթ չկա։

Ըստ նրա, Ադրբեջանն արդեն խոստովանել է նախորդ միջադեպը, սակայն փորձել է հրաձգության համար մեղադրել հայկական կողմը։

Загружается новость ... "Право"

«Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, ցանկանում է դիվիդենդներ ստանալ սահմանում կատարվող ցանկացած իրադարձությունից, հատկապես երկու երկրների առաջնորդների կարևոր հանդիպումներից առաջ։ Չեմ կարծում, թե դա նրանց վերջին փորձն է լինելու, քանի որ ինժեներական աշխատանքները շարունակվում են»,– ասաց նա։

Պաշտոնական Երևանի հաղորդմամբ, մարտի 29–ին Վիեննայում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Բացի այդ, ինչպես նշեց փորձագետը, Ադրբեջանի իշխանությունների համար կարևոր է մշտապես լարվածության մեջ պահել իր հասարակայնությունը և նմանատիպ միջադեպերով հոգեբանակն ճնշում գործել նաև հայ հասարակության վրա։ -0-