ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրաժարական է տվել. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

20.11.2020, 21:58
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրաժարական է տվել. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրաժարական է տվել. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շուշան Ստեփանյանը հեռացել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին նա հայտնել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը: Ավելի վաղ չորեքշաբթի, նա հրաժեշտի խոսքեր է գրել իր Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ գործընկերներ,Ինձ հարազատ դարձած հետևորդնե՛ր: Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, ով Արցախյան առաջին պատերազմում մարտնչեց հարավային ամբողջ ճակատում և զոհվեց ազատագրված Ֆիզուլիում: Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական: Եվ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպես պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, այլ որպես անձնական կորուստ»,- նշել է Ստեփանյանը:
Նա նշել է, որ հայրենիքի համար այս դժվարին պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտորեն կնայեն երևույթներին և կաշխատեն ամբողջ ներուժով, և ընդգծել, որ դա, մի բան է, որ այս պահին իրեն չի հաջողվի:

«Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու և աջակցելու համար: Փորձել ենք առաջնորդվել տեղեկատվական պայքարի օրենքներով, մատուցել այնպիսի տեղեկատվություն, որը գրված ու չգրված կանոններով պետք է տալ պատերազմող երկրի հասարակությանը: Եթե ինչ-որ բան ինձ, այնուամենայնիվ, հաջողվել է, ձեզ եմ համարում իմ գլխավոր մոտիվացիան, ինչի համար շնորհակալ եմ անչափ:

Հայոց բանակը դեռ լինելու է համազգային հաղթանակների դրոշակակիր:

Սուգը հավերժ է, եթե չկա պայքար. միմիայն այդ դեպքում»,- նշել է Ստեփանյանը:  -0-