Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պետությունը կփոխհատուցի ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձը, ինչպես նաև Արցախյան պատերազմին մասնակցած երեխաների ուսման վարձերը:
Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այսօր՝ դեկտեմբերի 10-ին կառավարության նիստի ժամանակ:
Որ ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի՝
- որոնք մասնակցել են մարտական գործողություններին,
- ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) մասնակցել է մարտական գործողություններին,
- ում ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, շահառուները կստանան 2020-21թթ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում։ Եթե շահառու ուսանողը մասնակի կամ ամբողջությամբ արդեն վճարել է վարձը, ապա դա կհամարվի երկրորդ կիսամյակի վարձի վճարում, իսկ ուսումնառությունն ավարտելու դեպքում՝ վճարված գումարն ուսանողը հետ կստանա։
Շահառուն փոխհատուցում ստանալու համար ուսումնական հաստատություն պետք է ներկայացնի՝
- մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշում
- անհրաժեշտության դեպքում՝ ամուսնության կամ ծննդյան վկայական։
Նշվում է, որ միջոցառումից կարող են օգտվել միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։-0-

