ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի և ծխախոտի ստվերային շրջանառության դեպքեր (ՎԻԴԵՈ)

16.01.2026, 17:14
ՊԵԿ աշխատակիցները նախատոնական օրերին  հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող 7 ֆիզիկական անձանց կողմից առանց դրոշմավորման ալկոհոլի վաճառքի դեպքեր. ՎԻԴԵՈ
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի և ծխախոտի ստվերային շրջանառության դեպքեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ շուկայում հայտնաբերվել են կեղծ ալկոհոլային խմիչքներ և կեղծ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտային արտադրանքներ: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, 2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է լայնածավալ միջոցառումներ:

Ներքին անվտանգության ու Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների հետ համատեղ ձեռնարկված գործողությունների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ակնհայտ կեղծ դրոշմանիշերով 844 շիշ ալկոհոլային խմիչք, 46,720 տուփ տարբեր տեսակի ծխախոտ և 372 հատ էլեկտրոնային ծխախոտ:

Բացի ֆիզիկական ստուգումներից, ՊԵԿ աշխատակիցները նախատոնական օրերին մշտադիտարկել են նաև սոցիալական հարթակները, որտեղ հայտնաբերվել են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող 7 ֆիզիկական անձանց կողմից առանց դրոշմավորման ալկոհոլի վաճառքի դեպքեր:

Արձանագրված մոտ մեկ տասնյակ դեպքերով այժմ իրականացվում են նյութերի վերլուծություններ, որոնց հիման վրա հաղորդումներ կներկայացվեն Քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով վարույթներ նախաձեռնելու համար:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին զերծ մնալ անօրինական գործունեությունից և ապրանքներն իրացնել բացառապես օրենքով սահմանված կարգով: Վերավաճառողներին խորհուրդ է տրվում չգնել շուկայականից էականորեն ցածր գնով և անհայտ ծագմամբ ապրանքներ, իսկ մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթեր:

Սպառողներին ևս կոչ է արվում լինել ուշադիր և նույնականացման միջոցների իսկությունը ստուգել E-MARK հավելվածի միջոցով՝ առողջական ռիսկերից և անորակ արտադրանքից խուսափելու համար: