Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են. Ալեն Սիմոնյանը՝ պատերազմի ռիսկերի մասին Իրան–Իսրայել բախման ֆոնին

17.06.2025, 15:44
Ալեն Սիմոնյանը մինիմալ է գնահատել պատերազմի հետ կապված ռիսկեր Իրան–Իսրայել բախման ֆոնին
Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են. Ալեն Սիմոնյանը՝ պատերազմի ռիսկերի մասին Իրան–Իսրայել բախման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ խոսնալ Ալեն Սիմոնյանը մինիմալ է գնահատել պատերազմի հետ կապված ռիսկեր Իրան–Իսրայել բախման ֆոնին։ 

«Պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են, և մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ գործուն քայլեր է անում։ Մեզ ստաբիլ հարևան է պետք, և ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է»,- հայտարարեց Սիմոնյանը: 

Սիմոնյանը նշեց, որ ուշի ուշով հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ 

«Այս պահի դրությամբ նման մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ մեր հարևանի (Ադրբեջանի, խմբ․) հետ հարաբերությունների վրա, որովհետև նախ և առաջ խոսակցությունը շարունակվում է։ Կան կոնկրետ գործընթացներ, որոնք հիմա ընթացքի մեջ են», – ասաց Սիմոնյանն այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի և տարածաշրջանի վրա Իրան–Իսրայել հակամարտության հնարավոր հետևանքների մասին հարցին։

Պատասխանելով Իրան-Իսրայել բախման ռիսկերի գնահատման մասին հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ այդ ռիսկերը քննարկվել, գնահատվել են գործողությունները սկսվելուց անմիջապես հետո՝ «շատ վաղ ժամի՝ լույսը չբացված»:

   «Խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանից սպասվող ռիսկերի գնահատումներին, այլև առհասարակ հետագա զարգացումներին Իրանի, նաև Հայաստանի սահմանների ներսում։ Այս պահին Իրանից որևիցե հոսք չկա: Մեր սահմանում որևիցե նման բան չի արձանագրվել», – նշեց Սիմոնյանը։