Փաշինյանը պատմել է մասնագիտական կրթության ոլորտում չափազանց դրական միտումների մասին

08.02.2019, 15:45
Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են:
Փաշինյանը պատմել է մասնագիտական կրթության ոլորտում չափազանց դրական միտումների մասին
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարության միջնորդությամբ և քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ»,– գրել է նա իր Facebook–ում։

Այսպիսով, վարչապետի խոսքով, մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Փաշինյանը պարզաբանեց, որ դա նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք:

«Ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաև մարզերում: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի եւ այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է ևս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում»,– ասել է նա։

Այս կապակցությամբ Փաշինյանը կոչ է արել բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել ԿԳ նախարարության, կառավարության հետ՝ խիստ դրական այս գործընթացը ընդլայնելու համար:-0-