ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից պարզ դարձավ, որ վերջինս հակված չէ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական քննարկումների, փոխզիջումների, հայտարարել է ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը ստեղծված իրավիճակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունում։
Ըստ Բաբլոյանի, փոխզիջումները պետք է հնարավորություն տային կանխելու հնարավոր ծանր հետևանքները, հանդարտեցնելու վիճակն ու սկսելու կառուցողական աշխատանք:
«Այս իրավիճակում, երբ մերժելով քաղաքական երկխոսությունը, ընտրելով ամեն ինչ կամ ոչինչ մարտավարությունը, բողոքի միջոցառումների կազմակերպիչներն ու առաջնորդները պարտավոր են գիտակցել, որ դրանով հետագա բոլոր զարգացումները, այդ թվում ամենածանրը, վերցնում են իրենց ուսերին և կրելու են համարժեք պատասխանատվություն։ Ուստի, գնահատելով ստեղծված իրավիճակը, գիտակցելով կարգ ու կանոն հաստատելու պետության պարտականությունը՝ կոչ եմ անում ցուցաբերել ողջախոհություն, արժևորել յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքները, պարտականությունները և նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ»,– ասվում է Բաբլոյանի հայտարարությունում։
ԱԺ խոսնակը նաև զսպվածության ու հանդուրժողականության կոչ է արել համաքաղաքացիներին և բոլոր քաղաքական ուժերին, համոզմունք հայտնելով, որ Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական և իրավական բոլոր գործիքները՝ իրավիճակի անցնցում և ողջամիտ հանգուցալուծմանը հասնելու համար: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում