Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարների հետ քննարկել է քաղաքացիների անվտանգության ապահովումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը նշել է, որ ընթացիկ իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որպեսզի մեր երկրի պետական մարմինները և ինստիտուտները հստակ աշխատեն:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը ներկայացրել են նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իրավական գործընթացների ընթացքը, կատարված ուսումնասիրությունների ու քննչական գործողությունների արդյունքները:
Այս համատեքստում, տեղի է ունեցել առարկայական քննարկում հարուցված քրեական գործերի ընթացքի, հանցակազմ պարունակող արարքներում և դրանց կազմակերպման գործում ներգրավված անձանց բացահայտման, դատական համակարգի գործունեության շուրջ: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ:
«Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգի գործունեության արդյունքում Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր զբաղեցրած դիրքրից, պետք է իրեն զգա լիարժեք պաշտպանված, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը պետք է առավելագույնը միտված լինի այդ խնդրի լուծմանը: Այս առումով, վարչապետը կարևորել է իրավապահ համակարգի մարմինների արդյունավետ ու սերտ համագործակցության ապահովումը»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:-0-