Փաշինյանն առաջարկել է լրջորեն քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության համատեքստում առաջարկել է լրջորեն քննարկել Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։
Նա ընդունեց, որ փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի, ծանոթ, բարեկամ կապերը շատ ուժեղ են։
«Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման պրոբլեմի առաջ։ Բայց նախ մենք այսօր էլ ենք կանգնած այդ պրոբլեմի առաջ։ Եվ բացի այդ, խնամի, ծանոթ, բարեկամ կապերը ինչպես և որքան կգործեն երդվյալ ատենակալների դեպքում նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի, դատավորի դեպքում։ Ինչու՞ ուրեմն չենք հրաժարվում այդ ինստիտուտներից՝ ասելով, դե քանի որ Հայաստանում խնամի, ծանոթ, բարեկամ կապերը ուժեղ են, եկեք, դատավոր, դատախազ, քննիչ, օպերատիվ աշխատող չունենանք։ Դեռ ավելին արդարության և արդրադատության ոլորտում առկա պրոբլեմները և դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը երբեմն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ինչ որ այլ տեղերից այլ մարդիկ են եկել և մեր նկատմամբ անարդարություններ են գործում։ Այդպես չէ։ Այդ մարդիկ մեր մանկապարտեզի, դպրոցի, բուհի, բակի, շենքի մարդիկ են։ Եվ եթե նրանց մի մասին վստահում ենք արդարությունն ու արդարադատությունը՝ որպես օպեր․ աշխատողների, քննիչների, դատախազնորի և դատավորների, մյուս մասին էլ կարող ենք վստահել՝ որպես երդվյալ ատենակալների։ Եվ այս պարագայում արդարադատությունն ինչպիսին էլ այն լինի, կտրված չի լինի ժողովրդից։ Ընդհակառակը, արդարադատությունը կլինի նույնքան կամ այնքան արդար, որքան արդար է ժողովուրդը։ Իսկ ժողովուրդն ավելի արդար է, քան ցանկացած վարչապետ, նախարար, պատգամավոր, դատախազ, դատավոր, քննիչ և ոստիկան», – ասաց Փաշինյանը։